Գոհար Մխիթարյան , Քրիստինե Կոստիկյան - Շաքիի և Շիրվանի քրիստոնյաները ԺԸ–ԺԹ դարի սկզբին
17 Էջ | 45-62 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.45-62 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2023-07-14 | Գրախոսվել է՝ 2023-07-21 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30
Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն
Քրիստոնյաների մահմեդականացումը Արևելյան Այսրկովկասում, սկսված լինելով դեռևս արաբական տիրապետության ժամանակաշրջանից և անդադար նոսրացնելով այնտեղի քրիստոնյաների շարքերը, Սեֆյան տիրապետության պայմաններում շարունակվում էր հիմնականում սոցիալ-տնտեսական գործոնների դրդմամբ, ինչպես նաև խրախուսման միջոցով։ Այնուամենայնիվ, նրանց տրված զիմմիի կարգավիճակը Սեֆյան պետության մեջ ապահովում էր նաև բռնի դավանափոխությունից որոշ պաշտպանվածություն։
Սեֆյան տիրապետության ներքո Շաքիի ու Շիրվանի երկրամասերում ապրող շուրջ 100.000 հայ և ուդի քրիստոնյաները ԺԸ դարի սկզբին հայտնվեցին դժվարին կացության մեջ՝ իրանական պետության թուլացման և դրա հետ կապված հյուսիս-կովկասյան լեռնականների հաճախացած ասպատակությունների, օսմանյան զորքերի արշավանքի, նաև՝ հետագայում այդ տարածքում ձևավորված խանություններում ուժգնացած կրոնական հալածանքների հետևանքով։ Մահմեդական իշխանության ներքո տարածաշրջանում քրիստոնյաների դավանափոխության խթան էր նրանցից գանձվող գլխահարկը՝ ջիզյան, որի չափը ԺԸ դարի սկզբից շարունակաբար աճելով՝ խանական շրջանում մեծ չափերի է հասնում։ Այս հարկը Շաքիի խանությունում յուրաքանչյուր չափահաս տղամարդուց գանձվելով շուրջ 8 կգ մետաքսի չափով՝ հայտնի էր պարսկերեն «աբրիշոմ-ե դին» կամ թուրքերեն՝ «իփաք դինի» կամ «դին իփաքի» անվանումներով։ Նույնիսկ Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո՝ մինչև ԺԹ դարի կեսերը, այդ ծանր հարկը գանձվում էր Շաքիի խանության Ճալեթ, Նիժ և Վարդաշեն գյուղերի քրիստոնյաներից ու մահմեդականացած բնակիչներից, չնայած նրանց բողոքներին և ընդվզմանը։ Նման պայմաններում հայերի և ուդիների մահմեդականացումը ԺԸ դարում լայն թափ է հավաքում ու շարունակվում ողջ ԺԹ դարի առաջին կեսի ընթացքում՝ հանգեցնելով տարածաշրջանի էթնոդավանական պատկերի ձևափոխմանը։
Բանալի բառերքրիստոնեություն իսլամ քրիստոնյաներ հայեր ուդիներ դավանափոխություն գլխահարկ-ջիզյա
