Գոհար Մխիթարյան , Քրիստինե Կոստիկյան - Շաքիի և Շիրվանի քրիստոնյաները ԺԸ–ԺԹ դարի սկզբին
17 Էջ | 45-62 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.45-62 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2023-07-14 | Գրախոսվել է՝ 2023-07-21 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30
Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն
Քրիստոնյաների մահմեդականացումը Արևելյան Այսրկովկասում, սկսված լինելով դեռևս արաբական տիրապետության ժամանակաշրջանից և անդադար նոսրացնելով այնտեղի քրիստոնյաների շարքերը, Սեֆյան տիրապետության պայմաններում շարունակվում էր հիմնականում սոցիալ-տնտեսական գործոնների դրդմամբ, ինչպես նաև խրախուսման միջոցով։ Այնուամենայնիվ, նրանց տրված զիմմիի կարգավիճակը Սեֆյան պետության մեջ ապահովում էր նաև բռնի դավանափոխությունից որոշ պաշտպանվածություն։
Սեֆյան տիրապետության ներքո Շաքիի ու Շիրվանի երկրամասերում ապրող շուրջ 100.000 հայ և ուդի քրիստոնյաները ԺԸ դարի սկզբին հայտնվեցին դժվարին կացության մեջ՝ իրանական պետության թուլացման և դրա հետ կապված հյուսիս-կովկասյան լեռնականների հաճախացած ասպատակությունների, օսմանյան զորքերի արշավանքի, նաև՝ հետագայում այդ տարածքում ձևավորված խանություններում ուժգնացած կրոնական հալածանքների հետևանքով։ Մահմեդական իշխանության ներքո տարածաշրջանում քրիստոնյաների դավանափոխության խթան էր նրանցից գանձվող գլխահարկը՝ ջիզյան, որի չափը ԺԸ դարի սկզբից շարունակաբար աճելով՝ խանական շրջանում մեծ չափերի է հասնում։ Այս հարկը Շաքիի խանությունում յուրաքանչյուր չափահաս տղամարդուց գանձվելով շուրջ 8 կգ մետաքսի չափով՝ հայտնի էր պարսկերեն «աբրիշոմ-ե դին» կամ թուրքերեն՝ «իփաք դինի» կամ «դին իփաքի» անվանումներով։ Նույնիսկ Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո՝ մինչև ԺԹ դարի կեսերը, այդ ծանր հարկը գանձվում էր Շաքիի խանության Ճալեթ, Նիժ և Վարդաշեն գյուղերի քրիստոնյաներից ու մահմեդականացած բնակիչներից, չնայած նրանց բողոքներին և ընդվզմանը։ Նման պայմաններում հայերի և ուդիների մահմեդականացումը ԺԸ դարում լայն թափ է հավաքում ու շարունակվում ողջ ԺԹ դարի առաջին կեսի ընթացքում՝ հանգեցնելով տարածաշրջանի էթնոդավանական պատկերի ձևափոխմանը։
Բանալի բառերքրիստոնեություն իսլամ քրիստոնյաներ հայեր ուդիներ դավանափոխություն գլխահարկ-ջիզյա
Արմեն Մարուքյան - Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության և Իրաքի Սինջար նահանգում եզդիների ցեղասպանության պատճառների և նախադրյալների համեմատական վերլուծություն
15 Էջ | 22-37 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.22-37 | Լեզուն՝
РусскийՍտացվել է՝ 2024-09-02 | Գրախոսվել է՝ 2024-09-12 | Ընդունվել տպագրության՝ 2024-12-15
Տպագրված է 2024 N 3 (36) / Պատմություն
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և Սինջարում եզդիների ցեղասպանության պատճառների և նախադրյալների համեմատական վերլուծության հիման վրա կարելի է արձանագրել, որ երկու նույնական հանցագործությունները շատ ընդհանրություններ ունեն։ Ինչպես Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ եզդիների ցեղասպանությունն իրագործվեցին ռասիստական գաղափարախոսությունների հիման վրա: Եթե Հայոց ցեղասպանության իրականացման հիմքում պանթուրքիզմի գաղափարախոսությունն էր, ապա եզդիների ցեղասպանությունն իրագործվեց արաբիզմի և արմատական իսլամի գաղափարախոսության հիման վրա։ Երկու դեպքում էլ ցեղասպանությունների կազմակերպիչները նպատակ էին հետապնդում բնիկ ժողովուրդներին զրկել իրենց հայրենիքում ապրելու իրավունքից և տիրանալ նրանց բնօրրանին, ինչը դարձավ այդ հանցագործությունների կատարման հիմնական շարժառիթներից մեկը։
Ընդհանուր հատկանիշների հետ մեկտեղ, նկատվում են նաև որոշակի տարբերություններ: Հայոց ցեղասպանությունը և եզդիների ցեղասպանությունը իրականացվել են տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր տարածաշրջաններում, ինչն, անկասկած, իր ազդեցությունն է թողել այդ նույնաբովանդակ հանցագործությունների պատճառների և նախադրյալների վրա։ Երկու հանցագործությունների պատճառների և նախադրյալների հիմնական տարբերությունն այն է, որ եթե Հայոց ցեղասպանությունը ծրագրվել և նախապատրաստվել էր Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից՝ Առաջին աշխարհամարտի նախօրյակին, որի սկսվելն այդ հանցագործության իրագործաման ազդանշան դարձավ, ապա Սինջարում եզդիների ցեղասպանությունը նախապատրաստվել և իրականացվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, որն իր վերահսկողության տակ էր վերցրել Իրաքի որոշ տարածքներ: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Իրաքի իշխանությունների հանցավոր անգործության պայմաններում քրդական ինքնավարության մարմինները հանցակից դարձան այդ հանցագործություններին։
Բանալի բառերՀայոց ցեղասպանություն Օսմանյան կայսրություն պանթուրքիզմ եզդիների ցեղասպանություն Իրաքի Սինջար նահանգ (Շանգալ) արաբիզմի գաղափարախոսություն արմատական իսլամ
