Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ

«Բանբեր հայագիտության» միջազգային հայագիտական քառամսյա, գրախոսվող հանդեսը հրատարակվում է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի կողմից՝ համագործակցելով ակադեմիական բոլոր ինստիտուտների հետ։ Պարբերականը հրատարակվում է 2013 թ. նոյեմբերից, առ այսօր՝ քառամսյա պարբերականությամբ: «Բանբեր հայագիտության» հանդեսի գլխավոր խմբագիրն է եղել Պավել Չոբանյանը, իսկ 2017 թ. վերջից սկսած՝ Ալբերտ Խառատյանը:


Նախկինում՝ բազմալեզու, ներկայումս հիմնականում անգլերեն և մասամբ՝ հայերեն լեզուներով հանդեսը տարածվում է ՀՀ գիտական շրջանակներում և սփյուռքի հայկական համայնքներում։

Տեղեկատվական միջոցների բուռն զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծել առավել տարողունակ գիտական հետազոտություններ իրականացնելու համար: Միաժամանակ լայն թափ ստացող տեղեկատվական պատերազմի պայմաններում հայագիտության բնագավառում կարող են կատարվել նաև գնահատումների բազմապիսի շահարկումներ ու խեղաթյուրումներ, ինչը սպառնալիք է գիտության և հասարակական մտքի հետագա զարգացման համար։ Ուստի և անաչառ հետազոտությունների արդյունքում ձեռք բերվող գիտական նորույթների հասանելիությունը դարձել է հրատապ և կարևոր խնդիր: Մասնագիտական հանդեսը խնդիր ունի. ա) նպաստել հայագիտական կենտրոնների միջև միջազգային գործակցության սերտացմանը, խթանել Հայաստանի պատմության ու մշակույթի համակողմանի հետազոտությունների իրականացումը, բ) նոր հարցադրումներով համալրել պատմական իրադարձությունների քննական վերլուծությունները և դիմագրավել Հայաստանի պատմության խեղաթյուրումներին ու շահարկումներին, գ) քննարկել հայագիտության հետագա զարգացմանը խոչընդոտող գործոնների ու հանգամանքների հաղթահարման ուղիները, դ) նորովի լուսաբանել Հայաստանի պատմության հիմնահարցերը, օժանդակել ձերբազատվելու կաղապարներից և գիտական շրջանակներին ու հանրությանը ներկայացնել ճշմարտությունը:

Հատուկ կարևորություն է տրվելու Հայաստանի և տարբեր երկրների հայկական գաղթօջախների պատմությունը լուսաբանող հետազոտությունների հրապարակմանը, հարակից երկրների ժողովուրդների լեզուներով Հայաստանի պատմության վերաբերյալ պահպանված սկզբնաղբյուրների աղբյուրագիտական ուսումնասիրությունների իրականացմանը, Հայաստանում ուրույն քաղաքակրթության զարգացման գործընթացի անընդհատության ցուցադրմանը:

Կհրապարակվեն հայ և օտարազգի հայագետների աշխատություններ, կներկայացվեն դասական հայագիտության երախտավորների գիտական ժառանգությունն ու հայագիտական նորագույն նվաճումները, հայագիտական տարբեր կենտրոնների ձեռքբերումներն ու խնդիրները: Գիտական հանդեսը լայնորեն բաց է բոլոր երկրների գիտնականների հայագիտական ուսումնասիրությունների համար և հրապարակելու է հայագիտության բոլոր ճյուղերը ներկայացնող հետազոտություններ: Կարևորվելու է ստացված հայագիտական աշխատությունների՝ այլ լեզուներով թարգմանությունների իրականացումը: Հանդեսը ունենալու է նաև լրատու բաժին, մատենագիտական ցանկեր, ըստ անհրաժեշտության հոդվածները կուղեկցվեն լուսանկարներով: Հանդեսին ուղարկվող հոդվածները կարող են լինել մասամբ հայերեն և անգլերեն լեզուներով: Հայերեն հոդվածները կուղեկցվեն անգլերեն ընդարձակ ամփոփումներով, իսկ անգլերեն հոդվածները ընդարձակ հայերեն ամփոփումներով: Հանդեսը լույս կընծայվի տարեկան երեք համար պարբերականությամբ GHEA Grapalat շարվածքներով: