Օվսաննա Քարամյան - Հովհաննես Մինասյանի մոնումենտալ գեղանկարչությունը հասարակական վայրերում
15 Էջ | 169-184 | DOI՝ 10.54503/1829-4073-2026.1.169-184 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2026-03-21 | Գրախոսվել է՝ 2026-03-22 | Ընդունվել տպագրության՝ 2026-04-30
Տպագրված է 2026 N 1 (40) / Արվեստագիտություն
Տարբեր հասարակական վայրերում ստեղծված Հովհաննես Մինասյանի 1960-ականների որմնանկարները ոչ միայն անհատական ստեղծագործական որոնումների, այլև ժամանակաշրջանի գեղագիտական և գաղափարական վերափոխումների ամբողջական պատկերն են։ 1961–1964 թվականներին արված «Շուր-ջպար», «Ձկնիկներ», «Սրինգ» որմնանկարներում ծավալների պարզեցումը և ընդհանրացումը, լուսավոր, գրեթե իդիլիական կոլորիտը և հստակ ռիթմիկ կառուցվածքը ձևավորում են ներդաշնակ, սահուն հորինվածքներ։ Այստեղ մարդու և բնության հարաբերությունը ներկայացվում է իբրև ներդաշնակ ամբողջություն․ շարժման մեջ գտնվող մարմինները մեղմ արտահայտչական գծերի շնորհիվ հաղորդում են կենսախինդ դինամիկա և ազատության զգացում։ Այս մոտեցումը կարելի է մեկնաբանել որպես «Ձնհալի» դարաշրջանին բնորոշ՝ դեպի բնություն, նախնական մաքրություն և «կորուսյալ դրախտ» վերադարձի գեղարվեստական արտահայտություն, որտեղ մարդը դեռևս չի հակադրվում միջավայրին, այլ գոյակցում է նրա հետ։
Միևնույն ժամանակ, 1968 թվականին ստեղծված «Շինարարներ, լեռնագործներ, զոդողներ» ինդուստրիալ ֆրիզը նշանավորում է Մինասյանի արվեստում նոր մտածողության փուլ։ Այստեղ գերիշխող է «խստաշունչ ոճին» համահունչ լեզուն՝ խիստ երկրաչափական ձևեր, ծանր, մոնումենտալ ռիթմեր և նյութական աշխարհի ընդգծված կշիռ։ Բնության և տեխնածին միջավայրի տարերքները՝ քարհանքը, երկաթյա խողովակները, երկաթբետոնե ծավալները վերածվում են համընդհանուր հորձանուտի, որի մեջ մարդը հանդես է գալիս ոչ թե որպես դիտորդ, այլ գործող ուժ։ Մինասյանական հերոսները՝ շինարար-բանվորները, ձուլվում են արդյունաբերական միջավայրին՝ դառնալով նրա անբաժան մասը և միաժամանակ՝ հաղթահարողը։
Այս երկու փուլերի համադրումը ցույց է տալիս, որ Մինասյանի մոնումենտալ արվեստը զարգանում է ներդաշնակ իդիլիայի և լարված ինդուստրիալ հերոսապատման միջև՝ արձագանքելով ժամանակի հասարակական, գաղափարական և գեղարվեստական մարտահրավերներին։ Նրա որմնանկարները դառնում են 1960-ականների հայ կերպարվեստի կարևոր վկայություններ՝ միաժամանակ պահպանելով արդիական հնչեղություն և խորքային մարդասիրական իմաստ։
Բանալի բառերՀովհաննես Մինասյան որմնանկար որմնանկարչական ձևավորում կերպարվեստ մոնումենտալիզմ ժառանգություն նկարչություն
