Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ
  • Վահե Սարգսյան - Բիայնիլի-Ուրարտուն իշպուինիի Միանձնյա և Մենուայի հետ համատեղ գահակալության տարիներին՝ ըստ Կ.Ֆ. Լեման-Հաուպտի հետազոտությունների
    15 Էջ | 28-43 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.28-44 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2024-06-01 | Գրախոսվել է՝ 2024-06-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30

    Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն

    Կ.Ֆ. Լեման-Հաուպտը, Վանի թագավորությունում Իշպուինիի (մ.թ.ա. մոտ 830–820 թթ. միանձնյա և մ.թ.ա. 820–810 թթ. Մենուայի հետ համատեղ) գահակալության տարիների իրողությունները վերականգնելիս, առանցքային հետազոտական խնդիր էր դիտարկում բիայնական պետականության՝ դեպի Մուծածիր ծավալման և Խալդի աստծո պաշտամունքի ձևավորման ու զարգացման հանգամանքը: Ըստ այդմ, հեղինակն Իշպուինիի գահակալության տարիներին կատարված իրողությունների վերականգնման մեկնակետ է ընտրում Խալդի աստծո պաշտամունքի տարածումը Վանի թագավորությունում: Կ.Ֆ. Լեման-Հաուպտը, Վանա միջնաբերդի արևելյան կողմի իր ընթերցած արձանագրությունը (Թավրիզյան դարպասներ) հիմք ընդունելով, գտնում է, որ այս արձանագրությունը կազմվել է դեռևս Իշպուինիի միանձնյա գահակալության ժամանակաշրջանում և համաժանակյա է Մուծածիրի տաճարի կառուցմանը: Ուշագրավ է, որ Կ.Ֆ. Լեման-Հաուպտը դեռևս բիայնագիտության արշալույսին քննարկել է նաև բիայնացիների Մուծածիրից սերելու հանգամանքը և հնդեվրոպախոս շերտի առկայությունն այնտեղ: Կ.Ֆ. Լեման-Հաուպտը կարծում է, որ Մուծածիրի տաճարի կառուցվածքն աղերսվում է պոնտական-պաֆլագոնիական ոճին, որն էլ իր հերթին առնչվում է անտիկ տաճարների ճարտարապետությունը: Կ.Ֆ. Լեման-Հաուպտի հետազոտությունները Վանի թագավորությունում Խալդի աստծո պաշտամունքի տարածման վերաբերյալ ներկայումս նույնպես արդիական են՝ առնվազն պաշտամունքի տարածման և վերափոխման տարբեր փուլերի ծիրում:

    Բանալի բառերԿ.Ֆ. Լեման-Հաուպտ Ասորեստան Բիայնիլի Տուշպա Արդի-նի-Մուծածիր Խալդի աստված հայեր երկլեզվյան արձանագրություն

    Բեռնել

  • Գոհար Մխիթարյան , Քրիստինե Կոստիկյան - Շաքիի և Շիրվանի քրիստոնյաները ԺԸ–ԺԹ դարի սկզբին
    17 Էջ | 45-62 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.45-62 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2023-07-14 | Գրախոսվել է՝ 2023-07-21 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30

    Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն

    Քրիստոնյաների մահմեդականացումը Արևելյան Այսրկովկասում, սկսված լինելով դեռևս արաբական տիրապետության ժամանակաշրջանից և անդադար նոսրացնելով այնտեղի քրիստոնյաների շարքերը, Սեֆյան տիրապետության պայմաններում շարունակվում էր հիմնականում սոցիալ-տնտեսական գործոնների դրդմամբ, ինչպես նաև խրախուսման միջոցով։ Այնուամենայնիվ, նրանց տրված զիմմիի կարգավիճակը Սեֆյան պետության մեջ ապահովում էր նաև բռնի դավանափոխությունից որոշ պաշտպանվածություն։ Սեֆյան տիրապետության ներքո Շաքիի ու Շիրվանի երկրամասերում ապրող շուրջ 100.000 հայ և ուդի քրիստոնյաները ԺԸ դարի սկզբին հայտնվեցին դժվարին կացության մեջ՝ իրանական պետության թուլացման և դրա հետ կապված հյուսիս-կովկասյան լեռնականների հաճախացած ասպատակությունների, օսմանյան զորքերի արշավանքի, նաև՝ հետագայում այդ տարածքում ձևավորված խանություններում ուժգնացած կրոնական հալածանքների հետևանքով։ Մահմեդական իշխանության ներքո տարածաշրջանում քրիստոնյաների դավանափոխության խթան էր նրանցից գանձվող գլխահարկը՝ ջիզյան, որի չափը ԺԸ դարի սկզբից շարունակաբար աճելով՝ խանական շրջանում մեծ չափերի է հասնում։ Այս հարկը Շաքիի խանությունում յուրաքանչյուր չափահաս տղամարդուց գանձվելով շուրջ 8 կգ մետաքսի չափով՝ հայտնի էր պարսկերեն «աբրիշոմ-ե դին» կամ թուրքերեն՝ «իփաք դինի» կամ «դին իփաքի» անվանումներով։ Նույնիսկ Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո՝ մինչև ԺԹ դարի կեսերը, այդ ծանր հարկը գանձվում էր Շաքիի խանության Ճալեթ, Նիժ և Վարդաշեն գյուղերի քրիստոնյաներից ու մահմեդականացած բնակիչներից, չնայած նրանց բողոքներին և ընդվզմանը։ Նման պայմաններում հայերի և ուդիների մահմեդականացումը ԺԸ դարում լայն թափ է հավաքում ու շարունակվում ողջ ԺԹ դարի առաջին կեսի ընթացքում՝ հանգեցնելով տարածաշրջանի էթնոդավանական պատկերի ձևափոխմանը։

    Բանալի բառերքրիստոնեություն իսլամ քրիստոնյաներ հայեր ուդիներ դավանափոխություն գլխահարկ-ջիզյա

    Բեռնել

  • Տաթևիկ Մանուկյան , Քնար Հարությունյան - Հայերեն ձեռագրական հոդվածները «Բազմավեպ»-ի XIX դարի համարներում
    17 Էջ | 63-80 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.63-80 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2024-04-12 | Գրախոսվել է՝ 2024-04-25 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30

    Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն

    Վենետիկի Մխիթարյան միաբանության պաշտոնաթերթը՝ «Բազմավեպ»-ը (Վենետիկ, 1843 թ.), XIX դարից սկսած էջեր է տրամադրել հայերեն ձեռագրերի ներկայացմանը: Գարեգին Զարբհանալյանի, Ղևոնդ Ալիշանի և մյուս հեղինակների հոդվածները ներկայացնում են հայերեն ձեռագրերի նշանակությունը հայ մշակույթի ու պատմության համար, կարևորում դրանց պահպանությունն ու հանրայնացումը ամսագրերի միջոցով: Բարսեղ Սարգիսյանի հոդվածաշարը տալիս է Մխիթարյան միաբանության մի շարք ձեռագրերի գիտական նկարագրություններ: Այս հոդվածաշարը դարձավ կարևոր աղբյուր, իսկ «Բազմավեպ»-ը՝ XIX դարի 2-րդ կեսին միաբանության ձեռագրերը հանրությանը հասանելի դարձնող հիմնական միջոց: Ավելին, «Բազմավեպ»-ն այս ընթացքում զբաղվել է նաև մյուս հավաքածուների մասին տեղեկությունների հանրայնացմամբ, ինչպես օրինակ՝ Բեռլինի Ար-քայական գրադարանի հայերեն 94 ձեռագրերի համառոտ ցուցակի հրապարակումը: «Բազմավեպ»-ը որոշակի դեր է ունեցել նաև հայերեն ձեռագրերի վերաբերյալ գիտական քննարկումներ ընձեռելու գործում՝ հետևելով ու պատասխանելով հայագիտական տարբեր հանդեսների հոդվածներին կամ պարզապես արտատպելով դրանք: Այդ հոդվածների միջոցով ծանոթանում ենք XIX դարի 2-րդ կեսին հայերեն ձեռագրերի ուսումնասիրության վիճակին, դրանց վերաբերյալ ծավալված քննարկումներին ու բանավեճերին: Մյուս կողմից, այս հոդվածները արժեքավոր տեղեկություններ են հաղորդում որոշակի ժամանակում ձեռագրերի գտնվելու վայրի, ինչպես նաև ձեռագրերի հետ կապված անավարտ կամ չհրատարակված նախաձեռնությունների մասին:

    Բանալի բառերԲազմավէպ հայերեն ձեռագրեր հայ պարբերական մամուլ ձեռագրերի նկարագրություններ Ղևոնդ Ալիշան հոդվածների քննություն Մխիթարյան միաբանություն

    Բեռնել

  • Անահիտ Աստոյան - Պոլսահայության ունեզրկումը 1908–1924 թթ.
    23 Էջ | 111-134 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.111-134 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2024-05-07 | Գրախոսվել է՝ 2024-05-12 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30

    Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն

    Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Կ․Պոլսի տնտեսության մեջ հայերը և հույները տիրապետող դիրք էին գրավում, իսկ թուրք տնտեսվարողները հայտնվել էին աննախանձելի վիճակում։ Երիտթուրքերը 1908 թ․ իշխանության գալով՝ սկսեցին իրականացնել քրիստոնյաների ունեցվածքի հաշվին երկրի տնտեսությունը թրքացնելու իրենց ծրագիրը։ Եթե մինչև 1915 թ․ Կ․Պոլսի հայկական ազգապատկան կալվածքների գրավումով երիտթուրքերը նպատակ ունեին կանխել պոլսահայերի տնտեսական զարգացման ընթացքը, ապա Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սկսեցին վարել նրանց ունեզրկման բացահայտ քաղաքականություն։ Ավելի քան 34.000 պոլսահայերի տեղահանությունը, աքսորն ու սպանությունը տիրազուրկ դարձրին նրանց ունեցվածքը և հեշտացրին դրանց բռնագրավման ու յուրացման գործը։ 1922 թ. սեպտեմբերին Զմյուռնիայի հայերի և հույների կոտորածից և քաղաքի հրդեհից հետո, քեմալականները ծրագրել էին նույնը կրկնել նաև Կ.Պոլսում։ Թեև դաշնակից երկրների զինված ուժերը կանխեցին քրիստոնյաների տեղահանությունն ու կոտորածը, սակայն Անկարայի կառավարությունը հաստատուն մնալով Կ․Պոլսի քրիստոնյաներին տեղահանելու իր որոշման մեջ՝ այնպիսի վիճակ ստեղծեց քաղաքում, որը հայերին և հույներին ստիպեց կամավոր թողնել քաղաքը և հեռանալ։ Նրանց փախուստից հետո, քեմալական իշխանությունների ընդունած օրենքների և հրահանգների գործադրումը հնարավորություն տվեց ամբողջապես տիրանալու պոլսահայերից մնացած ողջ ունեցվածքին։

    Բանալի բառերպոլսահայեր երիտթուրքական իշխանություններ ունեզրկում բռնագրավում քեմալականներ տնտեսության թրքացում

    Բեռնել

  • Արծվի Բախչինյան - Հայկական հիշատակումները «Պատվելի Ժոզեֆ Վոլֆի ճանապարհորդությունները և արկածները» գրքում
    16 Էջ | 42-58 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.42-58 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2025-02-21 | Գրախոսվել է՝ 2025-03-21 | Ընդունվել տպագրության՝ 2025-04-30

    Տպագրված է 2025 N 1 (37) / Պատմություն

    Գերմանա-հրեական ծագումով բրիտանացի միսիոներ Ջոզեֆ Վոլֆը (1795–1862) Արևելք կատարած իր ուղևորություններն ամփոփել է վեց հատորներում, որոնցում առատ տեղեկություններ է տալիս հայության մասին։ Սույն հոդվածը ներկայացնում է նրա վերջին հատորը՝ «Պատվելի Ջոզեֆ Վոլֆի ճանապարհորդությունները և արկածները» (1860–1861), որը, կազմելով նրա ինքնակենսագրական հուշերը և 1821–1845 թթ. ուղևորությունների հանրագումարը՝ նույնպես հարուստ է հայոց մասին վկայություններով։ Դրանք վերաբերում են հայերին ոչ միայն իրենց հայրենիքում, այլև տարբեր տարածաշրջաններում ու երկրներում (Օսմանյան կայսրություն, Պարսկաստան, Լիբանան, Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Հնդկաստան և այլն)։ Իր ուղևորությունների ընթացքում Վոլֆը հաճախ է հյուրընկալվել հայկական վանքերում, հիմնականում իջևանել է հայերի տներում, ինչն ընդլայնել է նրա գիտելիքները հայոց մասին։ Միսիոներ հեղինակը տեղեկություններ է հաղորդել թե՛ իր հանդիպած սովորական հայ բնակիչների, թե՛ ժամանակի աչքի ընկնող մի քանի հայերի մասին՝ հոգևոր թե աշխարհիկ։ Հայոց պատմության և մշակույթի իր քաջիմացությամբ նա երբեմն պատմական անդրադարձներ է կատարել՝ հեռավոր և մոտ ժամանակաշրջանների վերաբերյալ։ Ջոզեֆ Վոլֆի վերջին ուղեգրություն-ինքնակենսագրությունն արժեքավոր աղբյուր է՝ XIX դարի առաջին կեսի հայերի պատմության և ամենօրյա կյանքի, ինչպես նաև հայերի մեջ արևմտյան միսիոներների գործունեության ուսումնասիրման համար։

    Բանալի բառերՋոզեֆ Վոլֆ ուղեգրություն միսիոներ Մերձավոր Արևելքի հայեր Երուսաղեմ Սիրիա Պարսկաստան

    Բեռնել