Հենրիկ Բախչինյան - Փոխաբերությունը վաղ միջնադարյան հայ բանաստեղծության մեջ
20 Էջ | 122-142 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.122-142 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2025-04-05 | Գրախոսվել է՝ 2025-04-15 | Ընդունվել տպագրության՝ 2025-04-30
Տպագրված է 2025 N 1 (37) / Բանասիրություն
Ոսկեդարից մինչև Գրիգոր Նարեկացու հայտնությունը հայ հոգևոր, անհատական բանաստեղծության բնագավառում կենսունակ է եղել հատկապես օրհներգը (շարական): Այն պաշտոնական-ծիսական երգ-բանաստեղծություն է՝ իր արարողական գործառույթով, ինչը ենթադրում է խոսքարվեստի ու երաժշտարվեստի տարրերի կիրառում՝ պաշտամունքին ի նպաստ: Օրհներգերի առաջին հեղինակներն են V դարի հայ ազգային-քրիստոնեական մշակույթի և դպրության հիմնադիրներ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը: Նրանց երգային ժառանգությունն ըստ ամենայնի համալրել են նրանց կրտսեր աշակերտներ Մովսես Խորենացին, Հովհան Մանդակունին և Ստեփանոս Սյունեցին (1-ին): Վերջիններիս գործն էլ շարունակել են VII–VIII դարերի շարականագիրները, մասնավորապես` Կոմիտաս Աղցեցին, Սահակ Ձորոփորեցին, Հովհան Օձնեցին և առաջին հայ բանաստեղծուհի Սահակդուխտը։ Առաջին հայ օրհներգուները Սուրբ Երրորդության Անձերին, Աստվածամորը, քրիստոնեական սրբություններն ու սրբերին բնութագրելիս ու գովերգելիս, իրենց խոսքն առավել պատկերավոր և ազդեցիկ դարձնելու ձգտումով, կիրառել են հատկապես այլաբերության հիմնական տեսակը հանդիսացող փոխաբերությունը: Օրհներգերում կիրառված հոգևոր բնույթի փոխաբերությունները հիմնականում բխել են աստվածաշնչյան գրքերից և դրանց մեկնություններից, տարաձևվել են և տեղի տվել նաև ինքնաստեղծ փոխաբերությունների: Հոդվածում ներկայացված են V–VIII դդ. հայ հոգևոր բանաստեղծության մեջ հանդիպող՝ Սուրբ երրորդության Անձերին, Մարիամ Աստվածածնին և Հովհաննես Մկրտչին տրված փոխաբերությունները՝ Լոյս, Աղբիւր, Ճառագայթ, Արեգակ, Սէր, Մարդասէր, Կեանք, Կենարար, Աղբիւր անմահութեան, Գանձ կենաց, կենսատու Պտուղ, Հաց կենաց, Ճանապարհ, Թա-գաւոր, Գաւազան, Դատաւոր, Բժիշկ, Հովիւ, Նաւապետ, Փեսայ, Եկեղեցի, Մշակ-Այգեգործ, Որթ, Վէմ, Աղաւնի, Ցօղ երկնային, Երկինք պայծառ, Ամպ լուսեղէն, Մորենի անկէզ և այլն։ Բոլոր այս փոխաբերությունները հետագայում կայուն հիմք են հանդիսացել Գրիգոր Նարեկացու հոգևոր խորհրդաբանության համար։
Բանալի բառերհայ գրականություն միջնադարյան հոգևոր բանաստեղծություն փոխաբերություն Աստվածաշունչ Քրիստոս Մեսրոպ Մաշտոց Մովսես Խորենացի
Նարե Շալունց - Կերպարանափոխությունը առածային խոսույթում. մարդկային էության բնութագրի լեզվաճանաչողությունը
19 Էջ | 120-139 | DOI՝ 10.54503/1829-4073-2026.1.120-139 | Լեզուն՝
ՀայերենՍտացվել է՝ 2026-03-10 | Գրախոսվել է՝ 2026-03-26 | Ընդունվել տպագրության՝ 2026-04-30
Տպագրված է 2026 N 1 (40) / Բանասիրություն
Առածային խոսույթում կերպարանափոխության լեզվաճանաչողական կաղապարը ֆրանսերեն ու հայերեն առածների օրինակով վերհանում է մարդկային էության բնորոշումն ու հատկանիշների ճանաչողությունը: Կենդանական աշխարհի պատկերի ու հասկացութային փոխհաբերությունների օգնությամբ դիտարկվում են մարդկային բնույթն ու վարքագծի կաղապարները, և այս համատեքստում ընդգծվում է կերպարանափոխության բացասական հարանշանակությունը: Վերոնշյալի հիմքը վարքագծի ու լայն իմաստով ինքնության փոփոխության հիմնահարցն է, ինչը քննվում է ինչպես գոյաբանական հարթությունում, այնպես էլ հասկացութային ընկալման մակարդակում՝ լինելու և թվալու սահմանագծին: Շեշտադրվել է պատճառա-հետևանքայնության վերլուծությունը՝ նոր ինքնության կառուցման համատեքստում:
Հարկ է նշել, որ առածային խոսույթն ընդգծում է մարդկային բնույթի հաստատուն լինելը, իսկ կերպարանափոխության արտաքին դրսևորումը ներքին որևէ փոփոխության չի հանգեցնում: Քննության առարկա առածներում լեզվաճանաչողական ու լեզվաոճական դիտանկյունից վերլուծվել են արտաքին ազդեցության ձախողման, բնածին հատկությունների, վարքագծի վրա էության արտապատկերման ճանաչողական կաղապարները:
Բանալի բառերկերպարանափոխություն առածային խոսույթ մարդկային էություն կենդանուն հասկացութային փոխաբերություն լինել թվալ
