Անուշ Ապրեսյան - Բնագիր, մեկնություն, թարգմանություն. Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկը
12 Էջ | 143-155 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.143-155 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2024-11-29 | Գրախոսվել է՝ 2024-12-10 | Ընդունվել տպագրության՝ 2025-04-30
Տպագրված է 2025 N 1 (37) / Բանասիրություն
Հոդվածը նվիրված է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի՝ առավել հայտնի երկու աշխարհաբար թարգմանությունների քննությանը: «Մատեան»-ի՝ Մկրտիչ Խերանյանի և Վազգեն Գևորգյանի թարգմանությունների օրինակով փորձ է արվում ուսումնասիրել, թե ինչպես են թարգմանիչներն ընկալել և ժամանակակից հայերենով մեկնաբանել ու վերարտադրել միջնադարյան երկը, ինչ խնդիրներ է բնագիրը դրել թարգմանչի առաջ, և դրանց լուծման ինչ մեթոդներ ու եղանակներ են ընտրվել: Սույն աշխատանքով նշված թարգմանությունների ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռում ինչպես գնահատելու և արժևորելու թարգմանիչների կարևոր ու դժվարին աշխատանքը, այնպես էլ՝ վերհանելու և շեշտելու թարգմանական այն խնդիրներն ու առանձնահատկությունները, որոնք անհրաժեշտ են ապագայում «Մատեան»-ի նոր և ավելի կատարյալ թարգմանություններ ունենալու համար:«Մատեան»-ը ճիշտ ընկալելու, ընթերցողի առաջ մեկնելու ու թարգմանիչների կատարած աշխատանքը գնահատելու գործում մեծապես օգնում են մեկնությունները: Գրիգոր Նարեկացուն հասկանալու համար XIII–XIX դարերից սկսած ստեղծվել են մեկնությունները: «Մատեան»-ի թարգմանությունների քննությունից, ինչպես նաև թարգմանիչների վկայություններից ակնհայտ է, որ իրենք անդրադարձ են կատարել մեկնություններին, ինչպես նաև ինքնուրույն, հենց թարգմանության ընթացքում յուրովի մեկնություններ իրականացրել: Եվ քանի որ միջնադարյան մեկնիչները և ապա՝ նաև Հ. պատրիարք Նալյանն ու Գ. Ավետիքյանը սկզբունքային նպատակադրությամբ առաջադրել են բնագրի մեկնության հարցը, հետևաբար մեր քննության մեջ անդրադարձել ենք նաև բնագրի, դրա տարատեսակ մեկնությունների ու թարգմանությունների վերլուծությանը
Բանալի բառերԳրիգոր Նարեկացի «Մատեան ողբերգութեան» բնագիր թարգմանական խնդիրներ մեկնություն համատեքստ միջնադարյան մտածողություն
Անուշ Ապրեսյան - Համամարդկային բանալի Արևելքի և Արևմուտքի միջև․ Սբ․ Գրիգոր Նարեկացի
14 Էջ | 147-161 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.147-161 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2025-04-25 | Գրախոսվել է՝ 2025-12-03 | Ընդունվել տպագրության՝ 2025-12-19
Տպագրված է 2025 N 3 (39) / Բանասիրություն
Սբ. Գրիգոր Նարեկացու (մոտ 950–1003) ներդրումը համաշխարհային գրական գանձարանում արևմտյան հեղինակներին հիմնականում անհայտ էր մնացել: Նրա ստեղծագործության մերօրյա նշանակությունն Արևելքում, ապա տարածումն ու վերաարժևորումն Արևմուտքում քննվում է գրական դպրոցների, հեղինակի «Մատեան ողբերգութեան» երկի մեկնությունների ու ժամանակակից թարգմանությունների, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու կողմից հեղինակի սրբադասման կարևորության տեսանկյունից:
Գրիգոր Նարեկացին Նարեկյան դպրոցի ականավոր մատենագիրն էր և բանաստեղծական արվեստի ավանդույթների զարգացնողը։ Նարեկյան և Կիլիկյան դպրոցների կենդանի կապերի ու խոր առնչությունների քննությամբ՝ անդրադարձ է կատարվում այն տեսական-ստեղծագործական առնչություններին, որոնց շնորհիվ Կիլիկյան դպրոցի մատենագիրնե-րը վերհանեցին ու նորովի ուսումնասիրեցին Գրիգոր Նարեկացու գրական ժառանգությունը: «Մատեան ողբերգութեան» երկի սուրբգրային հա-րասություններն ու հեղինակի բանաստեղծական արվեստի ընկալումներն արևմտյան ուսումնասիրողին ու թարգմանչին ընկալելի դարձան մեկնությունների միջոցով՝ որպես այդ ստեղծագործության համար գրված համառոտ բառարան: Գրիգոր Նարեկացու գրական ժառանգությունն իր արժանի տեղը գրավեց Արևմուտքում նաև ֆրանսիացի, ռուս, անգլիացի, իտալացի և այլ թարգմանիչների շնորհիվ: 2015-ի ապրիլի 12-ին Ն.Ս. Ֆրանցիսկոս Առաջին Պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ»: Կաթոլիկ եկեղեցու այս պաշտոնական ճանաչումը կարևոր առիթ դարձավ Սբ. Գրիգոր Նարեկացու ստեղծագործության առավել հետևողական ու խորաքնին ընկալման և նրա բարեխոսության տարածման համար Արևմուտքում՝ ուղենշելով նոր մոտեցումներ հեղինակի համամարդկային ու վերժամանակյա ընկալումների ճանաչման, արժևորման և ուսումնասիրման համար:
Բանալի բառերՍբ. Գրիգոր Նարեկացի «Մատեան ողբերգութեան» Նարեկյան դպրոց Կիլիկյան դպրոց սրբադասում բանաստեղծական արվեստ համամարդկային բանալի
