Գևորգ Ստեփանյան - Հայկական տեղանունների և քարտեզների յուրացման ու նենգափոխման գաղափարաքաղաքական միտումները որպես «Մեծ Ադրբեջան» ծրագրի բաղադրիչներ
15 Էջ | 5-20 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.5-20 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2025-03-13 | Գրախոսվել է՝ 2025-03-20 | Ընդունվել տպագրության՝ 2025-04-30
Տպագրված է 2025 N 1 (37) / Պատմություն
Մեծ Ադրբեջան» ծրագրի մարտավարության բաղադրիչ մասն է կազմում նաև Արևելյան Այսրկովկասի և բռնազավթված ի բնե հայկական տարածքների հայակերտ տեղանունների թյուրքացումը, տեղագրական ու պատմական քարտեզների կեղծումը, գործընթաց, որ տակավին սկսվել էր արհեստածին «Ադրբեջան» կազմավորման ժամանակներից: Հայկական տեղանունների միտումնավոր խեղաթյուրումը, դրանց ամեն կերպ թյուրքական հնչողություն տալը նպատակ ունի «ապացուցելու» զավթված տարածքների թյուրք-ադրբեջանական պատկանելության առասպելի «իսկությունը»: Այս նենգամիտ քաղաքականության հետևանքով հայկական տեղանունները, ենթարկվելով թուրքերենի արտասանական առանձնահատկություններին, կրեցին համապատասխան փոփոխություններ, որ ռազմավարական և ժողովրդագրական տեսակետից Հայաստանի համար հղի է լուրջ վտանգներով:
Բանալի բառեր«Մեծ Ադրբեջան» Արևելյան Այսրկովկաս համաթյուրքականություն կեղծարարություն տեղանուն քարտեզ տոպոցիդ
Գևորգ Ստեփանյան - Ինքնահնար "Թյուրք-թաթարական անկախ հանրապետությունների" ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում "Մեծ Ադրբեջան" ծրագրի համատեքստում (1918–1919)
45 Էջ | 18-63 | DOI՝ 10.54503/1829-4073-2026.1.18-63 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2026-03-17 | Գրախոսվել է՝ 2026-04-15 | Ընդունվել տպագրության՝ 2026-04-30
Տպագրված է 2026 N 1 (40) / Պատմություն
Պարտվելով Առաջին աշխարհամարտում՝ Օսմանյան կայսրությունը Մուդրոսի զինադադարից հետո (1918 թ. հոկտեմբերի 30) հարկադրված էր Այսրկովկասից, այդ թվում՝ Արևելյան Հայաստանում գրաված տարածքներից դուրս բերել իր զորքերը և հետ քաշվել մինչև 1914 թ. սահմանները: Այսուհանդերձ, օսմանյան պետությունը ձեռնամուխ էր եղել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող կենտրոններում՝ Կարսում, Նախիջևանում, Արդահանում, ընդհուպ նաև Սամցխե-Մեսխեթում (ներառում է Ադիգենի, Ախալցխայի և Ասպնջակի (վրաց.` Ասպինձա) շրջանները) անկախ միավորների՝ «Մահմեդական ազգային շուրայի (պարսկ.` խորհուրդ)» և ավելի փոքր գավառակ միություններով՝ տեղական «շուրա»-ների ստեղծմանը: Թյուրք-թաթարական այդ միավորներից էին նաև այսպես կոչված «Հարավարևմտյան Կովկասի Հանրապետություն»-ը («Կարսի Հանրապետություն») և «Արաքս-թյուրքական Հանրապետություն»-ը («Արևելյան Կովկասի Հանրապետություն/Շարուրի հանրապետություն»): Իթթիհադականների ու մուսավաթականների կողմից խրախուսվող այդ ինքնահնար միավորները, որոնք սրությամբ ուղղված էին Հայաստանի Հանրապետության դեմ, պետք է դառնային տեղական կառավարություններ՝ հնարավորություն տալով օսմանյան պետությանը զորքերը դուրս բերելուց հետո պահպանելու ազդեցությունը տարածաշրջանում և հող նախապատրաստելու հետագայում թուրքերի վերադարձի համար: Այդ ամենով հանդերձ, օսմանյան պետությունը Հայաստանի Հանրապետության տարածքում մահմեդական «անկախ» միավորումներ ստեղծելու ռազմավարական ծրագրով նպատակադրվել էր Հայաստանը և Վրաստանը օղակել թուրք-թաթարական խիտ բնակեցված տարածքով: Իսկ տարածքային ծավալման այդ քաղաքականությունը տեղավորվում էր «Մեծ Ադրբեջան» պետության ստեղծման հայեցակարգի մեջ:
Հայաստանի Հանրապետության կառավարության վճռական գործողությունների արդյունքում վերոնշյալ ինքնահնար «հանրապետությունների» գոյությունները դադարեցվեցին: 1919 թ. ապրիլի 23-ին հայ-բրիտանական զորքը մտնելով Կարս՝ վերացրեց Հայաստանի սրտում բուն դրած ինքնակոչ «Հարավարևմտյան Կովկասի Հանրապետությունը» և վճռական գործողություններով վերահաստատեց օրինական իշխանությունը: Իսկ «Արաքս-թյուրքական Հանրապետություն» արհեստական միավորման գոյությունը դադարեցվեց 1919 թ. մայիսի 14-ին, երբ հայկական զորքերի մուտքով Շարուր-Նախիջևանը պաշտոնապես անցավ Հայաստանի Հանրապետության հսկողության ներքո:
Բանալի բառերՀայաստանի Հանրապետություն Ստեփան Ղորղանյան Սամցխե-Մեսխեթ օսմանյան պետություն «Մեծ Ադրբեջան» Սերվեր-բեկ Աթաբեկ Քոբլիանսկի Ամիր-բեկ Նարիման-բեկովի Յաղուբ Շևքեթ փաշա
