Մարիամ Հովսեփյան - «Ճակատամարտը» Խորհրդային Հայաստանում գաղթականների խնդիրների մասին (1920-1924 թթ.)
14 Էջ | 135-149 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.135-149 | Լեզուն՝
ՀայերենՍտացվել է՝ 2024-01-20 | Գրախոսվել է՝ 2024-01-20 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30
Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն
1918 թ. հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարից հետո Կ. Պոլսի «Ճակատամարտ» օրաթերթը 1920–1924 թթ. հանգամանորեն անդրադարձել է Խորհրդային Հայաստանում ապաստանած արևմտահայ գաղթականների կացությանը, հիմնախնդիրներին և պետական կառույցների կողմից նրանց ապրելակերպի բարելավմանը միտված աշխատանքներին։ Այդ նյութերը վկայում էին, որ տարագիրների կենսապայմաններն աստիճանաբար կարգավորվում էին։ Թերթը կարևորում էր այն, որ Խորհրդային Հայաստանում ապրող հայությանն այլևս չէր սպառնում ցեղասպանվելու վտանգը։ «Ճակատամարտն» առաջնահերթ էր համարում Հայկական հարցի զարգացումներին անդրադառնալը, քանի որ այդ թեման հայ տարագիրների մտահոգությունների կենտրոնում էր։ Պարբերականը ներկայացնում էր թուրքական իշխանությունների գործադրած ջանքերը՝ Հայկական հարցը միջազգային հարաբերությունների ասպարեզից հանելու համար։ Լուսաբանվում էր Հայկական հարցին առնչվող միջազգային խորհրդաժողովների ընթացքը։ Թերթի խմբագրակազմը գտնում էր, որ սփյուռքում անհրաժեշտ է համախմբվել ազգային դիմագիծը պահելու և Խորհրդային Հայաստանին աջակցելու ծրագրերի շուրջ։ Խորհրդային Հայաստանում, ըստ պարբերականի հրապարակումների, գնահատելի աշխատանք էր տարվում երկրի վերաշինության գործում, որին օգտակար էին լինում արևմտահայ գաղթականները։ «Ճակատամարտի» աշխատակիցներն օբյեկտիվ պատկերացում էին տալիս նաև խորհրդային բռնաճնշումների մասին։ Նրանք գրում էին, որ Խորհրդային Հայաստանում գաղթականներին տեղ տալու համար նրանցից պահանջում էին դավանել համայնավարական գաղափարներ և ապրել միակուսակցական համակարգի պայմաններում։ Լրագիրը կարևորում էր արևմտահայ գաղթականների ինտեգրումը խորհրդահայ նոր իրականության մեջ։ Բացի այդ՝ խմբագրակազմը վստահ էր, որ Խորհրդային Հայաստանում կամ որևէ այլ երկրում հայտնված հայրենազրկված, ցեղասպանությունը վերապրած գաղթականները և նրանց ժառանգներն իրենց հոգիներում վառ էին պահելու պահանջատիրության ջահը։
Բանալի բառեր«Ճակատամարտ» օրաթերթ Հայկական հարց Արևմտյան Հայաստան Խորհրդային Հայաստան Սևրի պայմանագիր Լոզանի պայմանագիր հայ գաղթականներ
Մարիամ Հովսեփյան - Հայաստանի Առաջին հանրապետության կրթամշակութային հիմնախնդիրների անդրադարձը «Ճակատամարտ» օրաթերթի էջերում (1918–1920 թթ․)
11 Էջ | 48-59 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.48-59 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2025-03-18 | Գրախոսվել է՝ 2025-03-25 | Ընդունվել տպագրության՝ 2025-08-29
Տպագրված է 2025 N 2 (38) / Պատմություն
1918 թ․ հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարը հնարավորություն տվեց Ցեղասպանությունից փրկված հայ մտավորականներին Կոստանդնուպոլսում հրատարակել թերթ և պարբերականներ։ Դրանց թվում էր բարձր վարկանիշ ունեցող «Ճակատամարտ» օրաթերթը։ Այն անդրադառնում էր հայ ժողովրդին մտահոգող տարբեր խնդիրների։ Դրանցից էին Հայաստանի Առաջին հանրապետության առջև ծառացած ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրները, այդ թվում՝ կրթամշակութային ոլորտում առկա հիմահարցերը։ Պարբերականը դրանք լուսաբանում էր սեփական թղթակիցների պատրաստած լուրերի, հարցազրույցների և Հայաստանում տպագրվող մամուլից արված արտատպումների միջոցով։ Հրապարակումները օբյեկտիվ ու անաչառ էին, իսկ վերլուծական հոդվածները աչքի էին ընկնում իրենց լավատեսությամբ և պարունակում էին կրթության ու մշակույթի բնագավառներում եղած խնդիրների լուծման առաջարկներ։ Թերթը այդ հիմնահարցերը դրական լույսի ներքո է դիտարկել և ընդհանուր առմամբ կառավարության աշխատանքում նկատվող, թերություններին ներողամտորեն է մոտեցել՝ դրանք պայմանավորելով Հայկական հարցի զարգացումներով։ «Ճակատամարտը» կարևորում էր կրթված մասնագետների դերը և կրթամշակութային ոլորտի ձևավորումն ու զարգացումը՝ մայրենի լեզվի ու ազգային ավանդույթների հիմքի վրա։
Բանալի բառերՄուդրոսի զինադադար Հայկական հարց պոլսահայ պարբերականներ Հայաստանի Առաջին հանրապետություն «Ճակատամարտ» օրաթերթ կրթամշակութային հիմնախնդիրներ «Կյանքը Հայաստանի մեջ» բաժին։
