Մարիամ Հովսեփյան - 1914 թ․ հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագիրը պոլսահայ պարբերականների էջերում
11 Էջ | 96-107 | DOI՝ 10.54503/1829-4073-2026.1.96-107 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2026-03-11 | Գրախոսվել է՝ 2026-03-11 | Ընդունվել տպագրության՝ 2026-04-30
Տպագրված է 2026 N 1 (40) / Պատմություն
«Ազատամարտ» և «Ժամանակ» օրաթերթերը պարբերաբար անդրադարձել էին 1914 թ․ հունվարի 26-ին կնքված ռուս-թուրքական համաձայնագրին՝ կարևորելով դրա դերը հայկական բարենորոգումների խնդրի լուծման գործում։ «Ազատամարտ»-ը դա արել էր գրեթե ամենօրյա կտրվածքով՝ խմբագրականների, վերլուծական հոդվածների, թղթակցությունների միջոցով։ Իբրև ՀՅԴ պաշտոնաթերթ՝ այն արտահայտել էր առաջին հերթին կուսակցության դիրքորոշումները և դիտողություններն այդ փաստաթղթի վերաբերյալ։ Թեև պարբերականի խմբագրակազմը փորձել էր իրատեսորեն մոտենալ համաձայնագրին, բայց չէր նկատել կամ չէր մատնանշել իշխանությունների ներթաքույց նպատակը․ հնարավորության դեպքում Հայկական հարցում հրաժարվել ստանձնած պարտավորություններից։ «Ժամանակ» օրաթերթը ոչ հաճախակի էր ներկայացրել խնդրո առարկա թեման։ Պարբերականի էջերում համաձայնագիրը լուսաբանվել էր առավելապես լուրի և թղթակցության ժանրերով։ Դրանք հաճախ թարգմանություններ էին թուրքական, եվրոպական թերթերի և լրատվական գործակալությունների նյութերից։ Որպես անկախ մամուլի օրգան՝ «Ժամանակ»-ը չէր պաշտպանել որևէ կուսակցության տեսակետները։ Այս թեմայով հրապարակումներն առանց մեկնաբանությունների էին տպագրվել։ Թերթը չեզոք կեցվածք էր որդեգրել, թեև զգացվում էր խմբագրության աշխատակիցների մտահոգությունն արևմտահայության ճակատագրի նկատմամբ ու անհանգստությունը՝ հանուն Հայկական հարցի լուծման գործադրվող ջանքերի հաջող ավարտի։
Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից 1914 թ․ հունվարի 26-ին կնքված ռուս-թուրքական համաձայնագրի չեղարկումը թուրքական դիվանագիտության նախորդ տասնամյակների աշխատանքի հետևանքն էր։ Նպատակը Հայկական հարցից և մեծ տերությունների կողմից դրա միջոցով Թուրքիային քաղաքական ու տնտեսական շահարկումների ենթարկելուց ազատելն էր։ Այս հարցին նվիրված վերլուծական հոդվածներ չկային «Ազատամարտ» ու «Ժամանակ» օրաթերթերի 1914–1915 թթ․ մեզ հասած հավաքածուներում։ Եթե եվրոպական մեծ տերություններից յուրաքանչյուրը, Հայկական հարցի շահարկմամբ, ինչ-որ տեղ վտանգ էր ստեղծում Օսմանյան կայսրության ամբողջականության համար, ապա, ինչպես «Ազատամարտ» և «Ժամանակ» պարբերականների էջերում զետեղված նյութերն են վկայում, արևմտահայության նպատակները զուտ նրանց կենսապահովմանն ու ազգային դիմագծի պահպանմանն էին վերաբերում։ Իշխող իթթիհատական կուսակցության պաշտոնաթերթերն իրենց հերթին պնդում էին, որ Արևելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստանում) պարբերաբար ծագող «ապստամբական» շարժումները տասնամյակներ շարունակ եվրոպական մեծ տերություններին դիվանագիտական խաղեր վարելու հնարավորություն էին տալիս, ինչը կարող էր վտանգել Օսմանյան կայսրության տարածքային անձեռնմխելիությունը և անկախությունը։ Դրան վերջ տալու համար էր նաև, որ թուրքական իշխանությունները հրաժարվեցին 1914 թ․ հունվարի 26-ին կնքված ռուս-թուրքական համաձայնագրից և գտան Հայկական հարցի՝ լուծման իրենց պետության համար շահավետ տարբերակ։
Բանալի բառեր1914 թ․ հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագիր «Ազատամարտ» օրաթերթ «Ժամանակ» օրաթերթ հայկական բարենորոգումների ծրագիր Հայկական հարց Նիկոլայ Հոֆ Լուի Վեսթենենկ
