Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ
  • Արմին Պետրոսյան - Ինքնադիմանկարը՝ որպես ինքնաորոնում
    10 Էջ | 188-198 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.188-198 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2025-08-21 | Գրախոսվել է՝ 2025-10-20 | Ընդունվել տպագրության՝ 2025-12-19

    Տպագրված է 2025 N 3 (39) / Արվեստագիտություն

    Հմայակ Հակոբյանը (1871–1939), որպես XIX դարի վերջի – XX դարի սկզբի հայ ռեալիստական գեղանկարչության ներկայացուցիչ, իր ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացրել ինքնադիմանկարի ենթաժանրին։ Նկարչի վեց ինքնադիմանկարները (գեղանկար և գծանկար), որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում, ծառայում են իբրև յուրօրինակ բանալի՝ բացահայտելու աշխատանքների ոճական առանձնահատկություններն ու դարաշրջանի դրամատիկ իրադարձությունների ազդեցությունը նրա ներաշխարհի վրա։ Հոդվածի նպատակն է ժամանակագրական և համեմատական վերլուծության միջոցով ուսումնասիրել Հմ. Հակոբյանի ինքնադիմանկարները՝ վերհանելով նրա կողմից ակադեմիական ռեալիզմի սկզբունքների կիրառումը և անցումը՝ արտաքին նմանությունից դեպի հոգեբանական ինքնաքննություն։ Հմ. Հակոբյանի համար ինքնանկարը միջոց է իր կերպարը խորազնին վերլուծելու և կերպարվեստի միջոցով բացահայտելու իր աշխարհընկալումը, անգամ վերածվելու յուրատեսակ օրագրի՝ արտացոլելով մարդկային հոգեվիճակներ, կյանքի փուլեր: Արվեստագետի ինքնադիմանկարները ներկայացնում են ոչ միայն նկարչի անցած ուղին, այլև նրա հուզական աշխարհն ու ստեղծագործական որոնումները։ Նկարիչը մշտապես հավատարիմ է մնում դասական ռեալիզմի գեղարվեստական սկզբունքներին՝ օգտագործելով սահմանափակ, բայց ներդաշնակ գունապնակ՝ շագանակագույն, դարչնագույն, սև, սպիտակ և մոխրագույն երանգներով։ Նրա ինքնադիմանկարները արված են բարձր տեխնիկայով, կատարյալ վարպետությամբ և ակադեմիական սկզբունքով, ինչը բնորոշ է ռեալիստական գեղանկարչությանը։ Ինքնադիմանկարներում հստակորեն արտացոլված են նկարչի տրամադրությունը, ներաշխարհը, մտածելակերպը։ Հարելով ռուսական ռեալիզմի (Ռեպին) և եվրոպական դասականների (Ռեմբրանդտ) ավանդույթներին՝ գեղանկարիչը ինքնադիմանկարը դարձրեց ոչ թե լոկ պատկեր, այլ մարդկային հոգու փիլիսոփայական վերլուծություն։ Նման մոտեցումը հայ ռեալիզմին հաղորդեց բովանդակային նոր որակ և շունչ։ Հմ. Հակոբյանի արվեստը զերծ է Ա. Դյուրերի սիմվոլիզմից, սակայն հագեցած է ինքնադիտարկման և ֆիզիկական ճշգրտության ձգտումով։

    Բանալի բառերինքնադիմանկար Հմ. Հակոբյան ռեալիստական սկզբունքներ ինքնաարտահայտում գծանկար գեղանկար ինքնաորոնում

    Բեռնել

  • Ջեննի Կարապետյան - Պարույր Սևակի կերպարը Սարգիս Մուրադյանի ստեղծագործություններում
    16 Էջ | 152-168 | DOI՝ 10.54503/1829-4073-2026.1.152-168 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2026-03-03 | Գրախոսվել է՝ 2026-03-11 | Ընդունվել տպագրության՝ 2026-04-30

    Տպագրված է 2026 N 1 (40) / Արվեստագիտություն

    Պարույր Սևակի կերպարը` որպես հայ մտավորականության, ճշմարտության որոնման և հոգևոր դիմագծի խորհրդանիշ, բազմիցս արտացոլվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի (1927–2007) ստեղծագործություններում։ Ուսումնասիրելով Սարգիս Մուրադյանի՝ Պարույր Սևակին նվիրված տարբեր տարիների դիմանկարների շարքը, թեմատիկ կոմպոզիցիոն աշխատանքներն ու որմնանկարները, դիտարկման առարկա է դառնում նաև դրանց տեղը և դերը` 1960–1980-ականների հայ ազգային կերպարվեստի ընդհանուր զարգացումների համատեքստում։ Այդ շրջանում ձևավորվում էր նոր՝ հոգեբանական խորությամբ և խորհրդանշական բազմաշերտությամբ բնութագրվող գեղանկարչական մտածողություն, որի շրջանակում Մուրադյանի սևակյան պատկերները համահունչ էին ժամանակակից նկարիչների՝ մտավորականի կերպարի մեկնաբանություններին։ Զուգահեռներ ենք անցկացրել Հովհաննես Զարդարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Արա Բեքարյանի դիմանկարների հետ, որոնք, ինչպես Ս. Մուրադյանի գործերում, արտացոլում են ներքին լարվածության, հոգևոր որոնման և ազգային ինքնագիտակցության թեմաները։ Ս. Մուրադյանի ստեղծագործություններում Պարույր Սևակը ներկայանում է որպես հայ մտավորականի հավաքական կերպար՝ խորապես ազգային, բայց միաժամանակ համամարդկային հնչողությամբ, որտեղ բացահայտվում է մարդու և հողի, հիշողության և լռության, տառապանքի և ոգեղեն տոկունության ներքին կապը։ Ս. Մուրադյանի սևակյան շարքը վերածվել է մարդու մտքի և հոգու հավերժության մասին գեղարվեստական վկայության։

    Բանալի բառերՍարգիս Մուրադյան Պարույր Սևակ հայ կերպարվեստ դիմանկար որմնանկար գծանկար էսքիզ

    Բեռնել