Աելիտա Դոլուխանյան - Ոսկեդարի հայ մատենագրության միջազգային արժեքը
11 Էջ | 112-123 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.112-123 | Լեզուն՝
EnglishՏպագրված է 2024 N 3 (36) / Բանասիրություն
Արդեն սկսած XVIII դարից, երբ Վիստոն եղբայրները լատիներենի թարգմանեցին Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», հայ պատմագրությունն իր վրա գրավեց եվրոպացի գիտնականների ուշադրությունը:Հայագիտության միջազգային արժեքի գործում մեծ դեր կատարեց Սեն-Մարտենը, որը «Mémoires historique et géographique sur l’Arménie» գրքի (1818թ.) երկու առաջաբաններում բարձր է գնահատում V դարի և ընդհանրապես հայ միջնադարի պատմագրությունը: Նրա կարծիքով հայ պատմիչների կարևորությունն այն է, որ վաղնջական ժամանակների մասին խոսելիս նրանք սովորաբար ավելի խնամք են տարել պատմվող իրադարձությունների նկատմամբ, ջանացել են շրջանցել քիչ կարևորություն ունեցող դեպքերը և առավել հոգածությամբ են վերաբերվել իրենց երկերի ոճին, քան արաբ և պարսիկ պատմիչները:Ոսկեդարի հայ պատմագրությունը կարևոր տեղեկություններ է հաղորդում հարևան ժողովուրդների՝ պարսիկների, հույների, ասորիների, վրացիների, աղվանների մասին: Դրանք հաճախ հաստատվում են այլ աղբյուրների փաստերով ու հնագիտական պեղումներով:Ֆրանսիական ավեստագիտության կարևոր դեմքը՝ Harlez-ը, նշում է, որ Մովսես Խորենացու ու Եղիշեի պատմությունների հաղորդած փաստերով կարելի է վերականգնել զրադաշտական կրոնի սրբազան մատյանի՝ “Avesta”-յի կորած հատվածները:Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունը» եզակի աղբյուր է Պարսկաստանի ու Հայաստանի Արշակունիների պատմության վերաբերյալ:Հենց միջնադարում Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը» թարգմանվել է ութ լեզուներով:Ոսկեդարի հայ պատմագրության միջազգային արժեքն ընդգծել է նաև մեր օրերի նշանավոր ֆրանսիացի հայագետ Ժան-Պիեռ Մահեն:
Հռիփսիմե Զաքարյան - Ավանդույթի և նորարարության խնդիրները 1960–1970–ական թվականների հայ պոեզիայում
12 Էջ | 124-136 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.124-136 | Լեզուն՝
EnglishՏպագրված է 2024 N 3 (36) / Բանասիրություն
1960–1970-ական թթ. Հայաստանի հասարակական-քաղաքական, գրական և մշակութային կյանքը թևակոխեց նոր շրջափուլ։ Թվում էր, թե ասպարեզ եկած նորարար երիտասարդ բանաստեղծները նոր ժամանակին համապատասխան-ներդաշնակ իդեալներ ու գաղափարներ առաջադրելով՝ դուրս են մղվել ազգային ոլորտներից, այնինչ, իրականում հայ բանաստեղծության նորօրյա ընթացքը շարժվում էր դեպի ազգային մշակույթի սկզբնահիմքերը, դեպի հայ միջնադարյան բանաստեղծության հարուստ ավանդները: Այսպիսով, արդիական էին դառնում նաև ազգային-ավանդական թեմաների արծարծումները: Անցյալը զուգակշռելով նոր ժամանակների հետ՝ դառնում էր յուրօրինակ համայնապատկեր ներկան առավել ընդգծված ստվերագծերով պատկերելու համար: Առավելապես 1980-ականներին հայ միջնադարյան ավանդույթները լայն շրջանառություն ունեին գրականության տարբեր տեսակներում, մասնավորապես՝ պոեզիայում, ինչը նշանակում էր վերադարձ դեպի ժողովրդական ստեղծագործության ակունքները: Նրանց (ասպարեզ եկած երիտասարդ բանաստեղծներին) կարելի է համարել հայոց հնամենի ժանրերի՝ շարականի, տաղի, աղոթքի, դիցաբանական առասպելների և այլնի նորոգող, զուգավորող-խաչավորող նորարարներ: Նրանք հակված են արվեստի ընդհանրականությանը, ինչը հատուկ էր հայ միջնադարյան արվեստին: Անցյալը ներկայացված է ոչ թե պատմական նյութի հաշվեկշռով, այլ դրանցում ներփակված գաղափարափիլիսոփայական միտվածության, հայոց հնագույն ավանդույթների, առասպելների, քրիստոնեական մոտիվների, սյուժեների, պատկերների ներքին լիցքերի մերօրյա իմաստավորումով: Հարկ է սակայն նաև նկատել, որ այս միտումը (վերադարձ ակունքներին) առհասարակ ընդհանուր-համաշխարհային բնույթ է կրում:
Նաիրա Համբարձումյան - Écriture féminine ֆենոմենը և պոետական լեզվի համակարգումը արեվմտահայ կին հեղինակների քերթվածներում
22 Էջ | 150-172 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.150-172 | Լեզուն՝
EnglishՏպագրված է 2024 N 2 (35) / Բանասիրություն
1960-ական թվականներից մեծ է հետաքրքրությունը կնոջական գրականություն ֆենոմենի նկատմամբ: Ուսումնասիրության նպատակն է՝ արևմտահայ կին հեղինակների երկերի պոետիկայի առանձնահատկությունների օրինակով ուսումնասիրել կնոջական գրականություն ֆենոմենի առանձնահատկությունները, վերարժևորել ոչ միայն 19-րդ դարի երկրորդ կեսի արևմտահայ կին հեղինակների՝ կանանց ազատագրության հիմնախնդիրի շուրջ ունեցած փոխառնչություններն ու վերաբերմունքը, այլև ֆրանսիացի փիլիսոփա Հելեն Սիքսուի առաջադրած écriture féminine գաղափարը: Ուսումնասիրության խնդիրն է՝ արևմտահայ կին հեղինակների քերթվածները քննել ոչ միայն կին-սուբյեկտ և ներկայություն-հոգեվիճակ-տրամադրություն-լեզու քառաստիճան իմաստաբանական և գաղափարաբովանդակային հայեցակարգերը, այլև բանաստեղծության իրադարձականության վերլուծության տիրույթները։ Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է ուսումնասիրվող նյութի միջգիտակարգայնությամբ, ըստ որի՝ այն վերլուծվել է գրականագիտության, լեզվաբանության և փիլիսոփայության միջև փոխադարձ կապերի և առնչությունների համատեքստում՝ գրականագիտական, լեզվաբանական, պատմահամեմատական համադրական և ֆենոմենոլոգիական մեթոդների կիրառմամբ: Այսօրինակ վերլուծություն կատարվում է առաջին անգամ: Այն կարևոր է և արդիական ոչ միայն միջգիտակարգայնության, այլև հայագիտության մեջ կանանց հիմնախնդրի վերլուծության տեսանկյունից։
Հռիփսիմե Օհանյան - Քաղաքավարության որոշ դրսևորումները բանավոր խոսքում որպես հաղորդակցության կարևորագույն բաղադրիչ
17 Էջ | 173-190 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.173-190 | Լեզուն՝
ՀայերենՏպագրված է 2024 N 2 (35) / Բանասիրություն
Սույն հոդվածը քննության է առնում քաղաքավարության մի շարք դրույթներ՝ որպես բանավոր հաղորդակցության անքակտելի մաս, որը հատուկ է ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ քաղաքակիրթ ցանկացած ժողովրդի լեզվամտածողությանը։ Քաղաքավարության մի շարք դրսևորումների քննությունը բանավոր խոսքում իրականացվել է վերջիններս դասակարգելով ըստ խմբերի, ինչպես օրինակ, ողջույնի և հրաժեշտի, ներողություն խնդրելու, խրախուսելու և գոտեպնդելու, հարցեր տալու և հարցադրումներ կատարելու և այլն։ Քննության ընթացքում վեր են հանվել լեզվական միջոցների գործաբանական առանձնահատկությունները, ինչպես նաև հայ և օտար մշակույթներում դրանց տարբեր դրսևորումները։ Այս հոդվածում ուսումնասիրվել են նաև քաղաքավարության բարձր աստիճանի դրսևորումները, պարտադրանքի նվազեցումը, անուղղակիությունը, հաղորդակցության մասնակիցների սոցիալական մեծ կամ փոքր տարբերությունը, տարիքի առանձնահատկությունները, խոսքի կառուցման ուղղակի դրսևորումները և այլն։ Անշուշտ քննվել են նաև լեզվամտածողության, մշակույթի և համատեքստի դերն ու կարևորությունը հաղորդակցության պահին։ Քննության արդյունքում բացահայտվել է, որ քաղաքավարությունը հանդիսանում է հաղորդակցության կարևորագույն բաղադրիչ։ Իրականում գոյություն չունեն շատ կամ քիչ քաղաքավարի ժողովուրդներ: Յուրաքանչյուր ժողովուրդ յուրովի է քաղաքավարի: Սույն հոդվածում քննելով քաղաքավարության որոշ դրսևորումներ՝ անդրադարձ է արվել նաև դրանց առանձնահատկություններին և կարևորությանը միջմշակութային հաղորդակցության շրջանակներում՝ զուգահեռաբար հենվելով այդ դրսևորումների հայերեն և իսպաներեն, ինչպես նաև տարբեր մշակույթներ բնորոշող օրինակների վրա։ Մշակույթը բացահայտում է հաղորդակցության կոդավորման, այն փոխանցելու և մեկնաբանելու ձևերը: Միջմշակութային հաղորդակցությունը իր տեղն է գտել այնպիսի սոցիալական գիտությունների շարքում, ինչպիսիք են մշակութային ուսումնասիրությունները, լեզվաբանությունը, հոգեբանությունը և հաղորդակցական հմտությունները։
Հենրիկ Բախչինյան - Փոխաբերությունը վաղ միջնադարյան հայ բանաստեղծության մեջ
20 Էջ | 122-142 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.122-142 | Լեզուն՝
EnglishՏպագրված է 2025 N 1 (37) / Բանասիրություն
Ոսկեդարից մինչև Գրիգոր Նարեկացու հայտնությունը հայ հոգևոր, անհատական բանաստեղծության բնագավառում կենսունակ է եղել հատկապես օրհներգը (շարական): Այն պաշտոնական-ծիսական երգ-բանաստեղծություն է՝ իր արարողական գործառույթով, ինչը ենթադրում է խոսքարվեստի ու երաժշտարվեստի տարրերի կիրառում՝ պաշտամունքին ի նպաստ: Օրհներգերի առաջին հեղինակներն են V դարի հայ ազգային-քրիստոնեական մշակույթի և դպրության հիմնադիրներ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը: Նրանց երգային ժառանգությունն ըստ ամենայնի համալրել են նրանց կրտսեր աշակերտներ Մովսես Խորենացին, Հովհան Մանդակունին և Ստեփանոս Սյունեցին (1-ին): Վերջիններիս գործն էլ շարունակել են VII–VIII դարերի շարականագիրները, մասնավորապես` Կոմիտաս Աղցեցին, Սահակ Ձորոփորեցին, Հովհան Օձնեցին և առաջին հայ բանաստեղծուհի Սահակդուխտը։ Առաջին հայ օրհներգուները Սուրբ Երրորդության Անձերին, Աստվածամորը, քրիստոնեական սրբություններն ու սրբերին բնութագրելիս ու գովերգելիս, իրենց խոսքն առավել պատկերավոր և ազդեցիկ դարձնելու ձգտումով, կիրառել են հատկապես այլաբերության հիմնական տեսակը հանդիսացող փոխաբերությունը: Օրհներգերում կիրառված հոգևոր բնույթի փոխաբերությունները հիմնականում բխել են աստվածաշնչյան գրքերից և դրանց մեկնություններից, տարաձևվել են և տեղի տվել նաև ինքնաստեղծ փոխաբերությունների: Հոդվածում ներկայացված են V–VIII դդ. հայ հոգևոր բանաստեղծության մեջ հանդիպող՝ Սուրբ երրորդության Անձերին, Մարիամ Աստվածածնին և Հովհաննես Մկրտչին տրված փոխաբերությունները՝ Լոյս, Աղբիւր, Ճառագայթ, Արեգակ, Սէր, Մարդասէր, Կեանք, Կենարար, Աղբիւր անմահութեան, Գանձ կենաց, կենսատու Պտուղ, Հաց կենաց, Ճանապարհ, Թա-գաւոր, Գաւազան, Դատաւոր, Բժիշկ, Հովիւ, Նաւապետ, Փեսայ, Եկեղեցի, Մշակ-Այգեգործ, Որթ, Վէմ, Աղաւնի, Ցօղ երկնային, Երկինք պայծառ, Ամպ լուսեղէն, Մորենի անկէզ և այլն։ Բոլոր այս փոխաբերությունները հետագայում կայուն հիմք են հանդիսացել Գրիգոր Նարեկացու հոգևոր խորհրդաբանության համար։
Անուշ Ապրեսյան - Բնագիր, մեկնություն, թարգմանություն. Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկը
12 Էջ | 143-155 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.143-155 | Լեզուն՝
EnglishՏպագրված է 2025 N 1 (37) / Բանասիրություն
Հոդվածը նվիրված է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի՝ առավել հայտնի երկու աշխարհաբար թարգմանությունների քննությանը: «Մատեան»-ի՝ Մկրտիչ Խերանյանի և Վազգեն Գևորգյանի թարգմանությունների օրինակով փորձ է արվում ուսումնասիրել, թե ինչպես են թարգմանիչներն ընկալել և ժամանակակից հայերենով մեկնաբանել ու վերարտադրել միջնադարյան երկը, ինչ խնդիրներ է բնագիրը դրել թարգմանչի առաջ, և դրանց լուծման ինչ մեթոդներ ու եղանակներ են ընտրվել: Սույն աշխատանքով նշված թարգմանությունների ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռում ինչպես գնահատելու և արժևորելու թարգմանիչների կարևոր ու դժվարին աշխատանքը, այնպես էլ՝ վերհանելու և շեշտելու թարգմանական այն խնդիրներն ու առանձնահատկությունները, որոնք անհրաժեշտ են ապագայում «Մատեան»-ի նոր և ավելի կատարյալ թարգմանություններ ունենալու համար:«Մատեան»-ը ճիշտ ընկալելու, ընթերցողի առաջ մեկնելու ու թարգմանիչների կատարած աշխատանքը գնահատելու գործում մեծապես օգնում են մեկնությունները: Գրիգոր Նարեկացուն հասկանալու համար XIII–XIX դարերից սկսած ստեղծվել են մեկնությունները: «Մատեան»-ի թարգմանությունների քննությունից, ինչպես նաև թարգմանիչների վկայություններից ակնհայտ է, որ իրենք անդրադարձ են կատարել մեկնություններին, ինչպես նաև ինքնուրույն, հենց թարգմանության ընթացքում յուրովի մեկնություններ իրականացրել: Եվ քանի որ միջնադարյան մեկնիչները և ապա՝ նաև Հ. պատրիարք Նալյանն ու Գ. Ավետիքյանը սկզբունքային նպատակադրությամբ առաջադրել են բնագրի մեկնության հարցը, հետևաբար մեր քննության մեջ անդրադարձել ենք նաև բնագրի, դրա տարատեսակ մեկնությունների ու թարգմանությունների վերլուծությանը
Նաիրա Համբարձումյան - Ցեղասպանության հոգետրավմայի դրսևորումները Անդրանիկ Ծառուկյանի «Մանկութիւն չունեցող մարդիկ» վիպակում
19 Էջ | 126-145 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.126-145 | Լեզուն՝
EnglishՏպագրված է 2025 N 2 (38) / Բանասիրություն
Ուսումնասիրության մեջ քննարկվում են սփյուռքահայ հայտնի գրող, խմբագիր և հրապարակագիր Անդրանիկ Ծառուկյանի «Մանկություն չունեցող մարդիկ» (1985) և «Երազային Հալեպը» (1996) վիպակները: Դրանք թարգմանվել են տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն ու արաբերեն: Ուսումնասիրության նպատակն է՝ Ա. Ծառուկյանի վիպակները վերլուծել ցեղասպանության հոգետրավմայի դրսևորումների տեսանկյունից: Ուսումնասիրության խնդիրներն են՝ ա. որբության ազգային համախտանիշի դրսևորման և հոգետրավմատիկ փոխակերպումների, դրանց դրսևորումների վերլուծություն, բ. իրականությունից փախուստի, իրավիճակի հոգեսոմատիկայի և հոգետրավմայի՝ որպես էթնիկ նույնականացման գաղտնագրի մեկնաբանություն:
Լիանա Օհանյան - Կարինե Խոդիկյանի կենսագրական, ստեղծագործական դիմապատկերը և «Երկու պիես» ժողովածուն
11 Էջ | 146-157 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.146-157 | Լեզուն՝
EnglishՏպագրված է 2025 N 2 (38) / Բանասիրություն
Հայ ժամանակակից արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ Կարինե Խոդիկյանը մեր օրերի այն կին գրող-ներից է, որի գրական-հեղինակային դիմապատկերն արտացոլում են իր բազմաժանր ստեղծագործությունները: Նա եղել է «Գարուն» ամսագրի արձակի և պոեզիայի բաժնի խմբագիր (1989–2001 թթ.), Հայաստանի Հանրապետության մշակույթի փոխնախարար (2004–2008 թթ.), «Դրամատուրգիա» գրական-գեղարվեստական հանդեսի հիմնադիր-գլխավոր խմբագիր (2000 թ․ առ այսօր), «Գրական թերթի» գլխավոր խմբագիր (2001–2004 թթ. և 2012 թ. առ այսօր), «www.tatron-drama.am» կայքի հիմնադիր-խմբագիր (2018 թ․ առ այսօր) և այլն։
Դավիթ Գասպարյան - Անառակ որդու վերադարձը կամ՝ Եղիշե Չարենցը Աստծու հայացքի ներքո
21 Էջ | 158-179 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.158-179 | Լեզուն՝
ՀայերենՏպագրված է 2025 N 2 (38) / Բանասիրություն
Եղիշե Չարենցը հեղափոխության, հայրենիքի փրկության ճիգերի ու գրական-քաղաքական պայքարի միջով եկավ հասավ Աստծու գաղափարին: Այս ճանապարհը նա անցավ՝ թափանցելով հոգևոր այնպիսի ոլորտներ, որտեղ Կոմիտասն էր, որտեղ հայ ու համաշխարհային գրականության դեմքերն էին՝ Գ-րիգոր Խլաթեցի Ծերենցը ու Գրիգոր Նարեկացին, Շեքսպիրն ու Դանտեն...
